Թեհրանի հյուսիսում գտնվող կլինիկայում տեղի ունեցած պայթյունի և դրանից բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 19 մարդ. նրանցից 15-ը կանայք են: Վիրավորվել է 14 քաղաքացի, հայտնում է IRNA գործակալությունը:
Մեկ այլ գործակալություն՝ MEHR-ը, նշում է, որ դեպքի պահին կլինիկայում մի քանի տասնյակ մարդ է եղել: Քսան հոգի փրկվել է: Հրդեհի դեմ պայքարը տևել է երկու ժամ, հրշեջներին հաջողվել է կասեցնել կրակի տարածումը հարևան շենքեր:
Իրավապահները պարզում են միջադեպի պատճառը: Չի բացառվում, որ դա կապված լինի թթվածնի բալոնների հետ, որոնցից արտահոսքը տեղի է ունեցել:
Վերջին մի քանի օրվա ընթացքում սա երկրորդ նման դեպքն է Թեհրանում: Մոտ մեկ շաբաթ առաջ էլ գազի պայթյուն էր որոտացել Իրանի մայրաքաղաքի մեկ այլ ծայրամասում, ռազմական օբյեկտի մերձակայքում: