2020թ. ամառային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու և բանակ զորակոչվող երիտասարդներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով հուլիսի 1-ին հանրապետական հավաքակայան է այցելել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատու օղակների ղեկավարների ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը դիտարկել է հավաքակայանում զորակոչի պատշաճ կազմակերպման համար ստեղծված պայմանները, հակահամաճարակային միջոցառումները, զորակոչիկների բուժհետազոտության, վիճակահանության և սննդի կազմակերպման կարգը, որն այս զորակոչի ընթացքում կրկին իրականացվում է հավաքակայանի ճաշարանում՝ խիստ ուշադրության կենտրոնում պահելով հակահամաճարակային կանոնները:
Նախարար Տոնոյանը հետաքրքրվել է զորակոչիկների տրամադրությամբ և շնորհակալություն հայտնել ստեղծված համաճարակային իրավիճակում իրականացվող միջոցառումներին ըմբռնումով մոտենալու համար:
Պաշտպանության նախարարն օնլայն հարթակի միջոցով վիճակահանության սրահից դիմել է նաև տարածքային ստորաբաժանումներում վիճակահանության արդյունքներին սպասող զորակոչիկների հարազատներին՝ շնորհակալություն հայտնելով, որ գիտակցում են ստեղծված իրավիճակում հանրապետական հավաքակայանում մարդկային կուտակումներից զերծ մնալու և հավաքակայանի փոխարեն վիճակահանության ընթացքին օնլայն տարբերակով և փոքրաթիվ խմբերով տարածքային ստորաբաժանումներից հետևելու անհրաժեշտությունը:
Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ զորակոչիկների անվտանգության ապահովումն այս պահին ամենակարևոր խնդիրն է: