Իտալական «Ռոման» երկարաձգել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը: Այն նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։
Կողմերը նաև նախնական համաձայնություն ունեն մրցաշրջանի ավարտից հետո վարձակալության պայմանագիրը երկարաձգել մեկ տարով: Այս մասին տեղեկացնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։
«Ես շատ ուրախ եմ, որ մնում եմ այստեղ, քանի որ ունեմ երազանքներ, որոնց դեռ չեմ հասել։ Ես անհամբերությամբ սպասում են դրանց իրականացմանը: Մտադիր եմ բարձր նոտայի վրա ավարտել այս մրցաշրջանն ու կենտրոնանալ մյուսի վրա»,- ասել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված էր մինչև հունիսի 30-ը։ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին»: