«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամից տեղեկացնում են, որ մեկնարկում է Գյումրու Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթը: Հայտերը կընդունվեն 2020 թ. հուլիսի 1-29-ը:
Մրցույթը մաս է կազմում Գյումրիի համալիր զարգացման և վերականգման ծրագրի, որն իրականացվում է «Հայաստան 2020» նախաձեռնության շրջանակում: Վերականգնված այգին ոչ միայն կդառնա նոր հանրային վայր գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար, այլև բարեկամության և երախտագիտության խորհրդանիշ՝ ուղղված բոլոր այն երկրներին, որոնք 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնեցին քաղաքի վերականգնմանը:
Մրցույթի նպատակն է քաղաքի ինքնության առանձնահատկություններն արտացոլող և միջազգային փոխօգնության գաղափարը ներկայացնող ճարտարապետանախագծային լավագույն լուծումների ընտրությունը: Այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի օբյեկտների իրագործումը թույլ կտա ողջ աշխարհից միավորված տաղանդավոր ճարտարապետներին դառնալ ժամանակակից հանրային տարածքի համահեղինակներ և ավելի բազմազան դարձնել քաղաքի արտաքին պատկերը:
Մրցույթը կանցկացվի 2 փուլով: Առաջին փուլի արդյունքներով ժյուրիի անդամները կընտրեն 20 մասնակցի ճարտարապետական լուծումների մշակման համար: Մասնակիցները կստանան տեխնիկական առաջադրանք, որը կներառի այգու դիզայն-նախագծի և օբյեկտների մշակման պահանջների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը: Երկրորդ փուլի արդյունքներով, ժյուրին կընտրի հաղթողներին 3 անվանակարգում:
2020 թ. հոտեմբերին կհայտարարվեն հաղթողները և կներկայացվի այգու վերջնական դիզայն-նախագիծը: Հաղթողները հնարավորություն կունենան իրականություն դարձնել իրենց ճարտարապետական նախագծերը Գյումրի քաղաքի նոր հանրային տարածքում:
Ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն հեղինակավոր փորձագետներ, որոնց թվում են ճարտարապետ և հետազոտող Անդրեյ Իվանովը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, լանդշաֆտային ճարտարապետ և «Glaßer und Dagenbach GBR» բյուրոյի հիմնադիր Ուդո Դագենբախը, OFFCON բյուրոյի գլխավոր ճարտարապետ և գործընկեր Ֆյոդոր Ռաշևսկին, ՀՀ Շիրակի մարզպետի օգնական Էմմա Բաղդասարյանը:
Այգին գտնվում է քաղաքի հյուսիսային մասում` պատմական կենտրոնի և բնակելի, արդյունաբերական շրջանների միջև ընկած հատվածում: Քաղաքի կենտրոնական փողոցը միացնում է Գյումրու բոլոր գլխավոր տեսարժան վայրերը և հանրային տարածքները: Վերականգնված այգին կդառնա քաղաքի կենտրոնում այդ երթուղով անցնող առաջին ժամանակակից կանաչ տարածքը, որը մեծ ճանաչում է վայելում տեղի բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում:
«Բարեկամության այգու վերականգնումը մեծ նշանակություն ունի գյումրեցիների համար: Վերականգնված այգին կդառնա մի յուրօրինակ նախագիծ, որը կխթանի զբոսաշրջությունն ու կզարգացնի քաղաքի ենթակառուցվածքները: Մենք ուրախ ենք, որ գյումրեցիները ընդունել են և խիստ կարևորում են այս նախաձեռնությունը: Այս նախագիծը միավորել է բազմաթիվ մարդկանց և իրապես դառնալու է բարեկամության և երախտագիտության այգի»,- ասում է IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Ծանոթացեք մրցույթի պայմաններին և լրացրեք հայտադիմումը մրցույթի պաշտոնական կայքում: