Յուրօրինակ խաղով ու կոլորիտային կերպարներով դերասանուհին իր ուրույն հետքը թողեց հայ կինոարվեստում: 83 տարի առաջ այս օրը ծնվել է տաղանդավոր դերասանուհի Գալյա Նովենցը: Ժողովրդական արտիստուհին միայն թատրոնում կերտել է հիսունից ավելի դերեր:
1lurer.am-ի հետ զրույցում դերասանուհու որդին՝ բեմադրիչ Հակոբ Ղազանչյանն ասաց՝ նա հրաշք մարդ էր, ինքնազոհության աստիճան նվիրված իր ընտանիքին:
«Սոս Սարգսյանը պատմում էր, որ դերասանուհիները հաճախ էին հարցնում, թե ինչու են Գալյային շատ նկարում ֆիլմերում: Եվ դա ուներ մեկ պատասխան՝ որովհետև նա իսկական հայ է: Ինձ թվում է՝ դրանով ամեն ինչ ասված է: Ե՛վ նվիրված կին էր, և՛ նվիրված մայր ու տատիկ: Խոսքը անսահման, անըմբռնելի չափանիշների հասնող նվիրվածության մասին է: Ես մինչև հիմա նրա պակասը սարսափելի եմ զգում: Չեմ համակերպվում, որ նա չկա, որ իմ ընտանիքի կողքին չէ»,- ասում է որդին:
Ավելի քան 25 կերպար է կերտել տարբեր ֆիլմերում. «Բարև ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Մեր մանկության տանգոն», «Կարոտ», «Որտեղ էիր, մարդ Աստծո», «Այս խաչմերուկում», «Կտոր մը երկինք», «Սպիտակ անուրջներ»... Ամենահայտնին դարձավ Սիրանույշի կերպարը՝ «Մեր մանկության տանգո» ֆիլմում, ամենաթևավոր խոսքերը ծնունդ առան հենց այդ ֆիլմից: 1985 թ. Վենետիկի և Մինսկի կինոփառատոների ժամանակ «Մեր մանկության տանգոն» ֆիլմում լավագույն դերակատարման համար արժանացել է բարձր գնահատականի ու մրցանակի:
Ղազանչյանը ցավով նշեց, որ մոր հետ միայն մեկ ներկայացում է բեմադրել, թեև միշտ իր աչքի առաջ է եղել այն աշխատանքը, որն արել է մայրը թատրոնում ու կինոյում: Շատերն են նրան բնորոշել որպես հայկական կինոյի թախիծն ու ժպիտը: Դերասանուհին բեմը լքեց ու կյանքից հեռացավ 75 տարեկանում՝ ծանր հիվանդությունից հետո: