Կուր գետի լայնությունը նախկին 100-150 մետրի փոխարեն որոշ հատվածներում նվազել է մինչև 4-5 մետրի
Վերջին ամիսներին նկատվում է Կուր գետի աննախադեպ ցամաքում: Նեֆթչալայի և Սալյանի բնակիչները չեն մտաբերում, թե վերջին անգամ գետի ջրի մակարդակը երբ է այսքան ցածր եղել՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության հիդրոօդերևութաբանության ազգային բաժնի գլխավոր հիդրոլոգ Ասիֆ Վերդիևը հայտնել է, որ հունիսի սկզբի աննորմալ ջերմությունն է հանգեցրել գետի ջրերի մակարդակի նվազմանը:
«Կուր գետի ջրի մակարդակի նվազումը հանգեցրել է հոսքի արագության նվազմանը: Ցավոք, մենք տեսնում ենք, թե ինչպես է ամենուրեք քաղցրահամ ջուրն օգտագործվում տեխնիկական նպատակներով: Ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է, որ տարածաշրջանի յուրաքանչյուր պետություն միջոցներ ձեռնարկի միջազգային ստանդարտներին համապատասխանող ջրօգտագործման օբյեկտների կառուցման համար» ,- ասել է Վերդիևը:
Խնդիրն այնքան է մտահոգել երկրի ղեկավարին, որ ստեղծել է ջրային ռեսուրսների կառավարման պետական հանձնաժողով:
Արևելագետ Հայկ Գաբրիելյանը, Ֆեյսբուքի էջում անդրադառնալով խնդրին, հայտնել է, որ Կուրի ցամաքումը Ադրբեջանում բնապահպանական աղետ է հասունացնում:
«Կուր գետի լայնությունը նախկին 100-150 մետրի փոխարեն որոշ հատվածներում նվազել է մինչև 4-5 մետրի։
Արդյունքում Կասպից ծովի աղի ջուրը հետ է մղել Կուր գետի քաղցրահամ ջրերը միանգամից 60 կիլոմետրով։ Միջազգային պրակտիկայում նման դեպքեր հիշում եմ Եփրատ-Տիգրիսի պարագայում, երբ Պարսից ծոցի աղի ջրերը հետ են մղել Շատ էլ Արաբ գետի նվաղած ջրերը մինչև Բասրա։ Եվ նաև Բենգալյան ծոցի աղի ջրերը հետ են մղել Գանգես-Բրահմապուտրայի նվազած ջրերը։
Ադրբեջանական մամուլն ընդգծում է, որ վերջին տարիներին Կուր գետով Ադրբեջանի ստացած ջրի ծավալը նվազել է 25 տոկոսով, իսկ Արաքս գետով՝ 60 տոկոսով։ Եվ սա այն դեպքում, երբ մենք դեռ կարող ենք էականորեն նվազեցնել արդեն իսկ նվազած այդ խմբաքանակը։ Կարծում եմ՝ պատկերացրիք, թե ինչպիսի էական, գործուն, արդյունավետ լծակ ունենք մեր ձեռքին՝ ընդդեմ Ադրբեջանի։
Չենք մոռանում, որ ջրային ռեսուրսների ցուցանիշով Ադրբեջանն ամենաաղքատ և հետևաբար ամենախոցելի երկիրն է Հարավային Կովկասում։ Ադրբեջանում նավթային դարաշրջանն անկում է ապրում, իսկ մեզ մոտ ջրային դարաշրջանը նոր է վերելք ապրում։ Եվ վերջում՝ եթե նավթն ունի այլընտրանք, ապա ջուրը չունի այլընտրանք» ,- ասված է Գաբրիելյանի գրառման մեջ:
Գետի ցամաքումը հանգեցրել է քաղցրահամ և ոռոգման ջրի լուրջ խնդիրների, որոնք էլ իրենց հերթին բողոքի ցույցերի պատճառ են դարձել Ադրբեջանի տարբեր շրջաններում:
Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն էլ 1lurer.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրը եղել է դեռ մայիս-հունիսից, երբ Ադրբեջանի տարբեր հատվածներում խմելու և ոռոգման ջրի հետ կապված ցույցեր էին տեղի ունենում:
«Ցույցեր էին Ադրբեջանի տարբեր հատվածներում՝ հյուսիսից հարավ: Միայն Բաքվի երեք-չորս շրջանում հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում բողոքի ակցիաներ էին խմելու ջուր չունենալու պատճառով: Ընդդիմադիր լրագրողներին հաջողվել էր տեսանկարահանել փողոցներում հավաքված ցուցարարներին: Նրանք պատմում էին, որ խմելու ջուր չեն ունեցել 10 օր շարունակ: Ջրամատակարարմամբ զբաղվող մարմինը շատ խուսափողական պատասխաններ է տվել, մի քանի անգամ ասել է, որ պոմպն է փչացել: Անգամ մեքենաներով ջուր չեն մատակարարել մարդկանց» ,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանում բոլորն էլ գիտակցում են, որ խնդիրը պոմպի փչանալու հետ չէ կապված, այն ավելի խորքային է: Եվ դժվար թե Ադրբեջանի 10 շրջանում միաժամանակ առաջանար պոմպի խնդիր:
Ադրբեջանագետի խոսքով՝ խմելու և ոռոգման ջրի պաշարները երկրում սահմանափակ են: Համեմատած Հարավային Կովկասի մյուս երկրների՝ Վրաստանի ու Հայաստանի հետ, Ադրբեջանում ջրային ռեսուրսներն անհամեմատ քիչ են: Իրենց հետազոտություններից մեկի համաձայն՝ Ադրբեջանին բաժին է ընկնում Հարավային Կովկասի խմելու ջրի ռեսուրսների 10-15 տոկոսը՝ չնայած բնակչության թվով գերազանցում են տարածաշրջանի մյուս երկրներին: