Վերաքննիչ դատարանում վաղը կսկսվի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ դատախազության ու փաստաբանների ներկայացրած բողոքների քննությունը՝ տեղեկացրել է Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նրա խոսքով՝ վերաքննիչ բողոքների քննությունը կսկսվի ժամը 12:00-ին։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն 2017 թ. ԱԺ ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ քրեական գործ էր հարուցել և հունիսի 16-ին ԱԺ-ի համաձայնությունը ստանալուց հետո մեղադրանք առաջադրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը:
Հունիսի 23-ին դատախազությունը դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով կալանավորել Ծառուկյանին: