Թուրքիան իրավունք չունի առանց Մոսկվայի թույլտվության մեկ այլ երկրի վաճառել Ռուսաստանից ձեռք բերված C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը, գրում է ermenihaber-ը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի խոսնակ Մարիա Վորոբյովան։
Նախօրեին ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Թյունը Անկարայի հետ տարաձայնությունները վերացնելու համար Վաշինգտոնին առաջարկել էր գնել Թուրքիային վաճառված ռուսական համակարգերը։
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ ԱՄՆ Պենտագոնի խոսնակ Ջեսիք Մաքսուելը հայտնել է, որ մինչև 2022 թ․ թուրքական ընկերությունները կշարունակեն դետալներ արտադրել F-35 կործանիչների համատեղ արտադրության շրջանակում։
Հիշեցնենք, որ ըստ ծրագրի՝ Անկարան պետք է ստանար 100 միավոր F-35։ Թուրք օդաչուները անգամ վերապատրաստություն էին անցնում ԱՄՆ-ում, սակայն ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից հետո՝ 2019 թ․ հուլիսին, ԱՄՆ-ը կասեցրեց Անկարայի մասնակցությունն այդ ծրագրին, իսկ օդաչուները վերադարձան Թուրքիա։