Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյն արձագանքել է Եվրամիության այն որոշմանը, ըստ որի՝ Թուրքիան դուրս է մնացել հուլիսի 1-ից ԵՄ-ի հետ ուղևորափոխադրումները վերսկսելու իրավունք ունեցող երկրների ցանկից, հայտնում է ermenihaber-ը։
«Մենք հիասթափված ենք։ Հույս ունենք, որ մեր քաղաքացիների ուղևորությունների սահմանափակմանը վերաբերող այդ սխալն ամենասեղմ ժամկետում կշտկվի»,- հայտարարել է Աքսոյը։
Նրա խոսքով՝ Թուրքիան արդյունավետ է պայքարում կորոնավիրուսի համավարակի դեմ, ուստի ԵՄ-ն պետք է որոշումներ կայացնելիս առաջնորդվի օբյեկտիվ չափանիշներով։
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրամիությունը հրապարակել էր այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիների առաջ հուլիսի 1-ից կբացվեն Եվրոպայի սահմանները։ Թուրքիան չէր հայտնվել այդ ցանկում, քանի որ երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը դեռևս շարունակում է վտանգավոր մնալ։
Հունիսի 30-ի դրությամբ Թուրքիայում 1 օրում արված 50․492 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.293 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 16 դեպք, իսկ ապաքինման 1.302 դեպք: