Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակում երեկ «Բարսելոնան» հյուրընկալել էր «Աթլետիկոյին»։ Խաղը, ինչպես ակնկալվում էր, դրամատիկ ստացվեց:
Խաղի հաշիվը 11-րդ րոպեին անկյունային խաղարկումից հետո բացեց Դիեգո Կոստան՝ գրավելով սեփական դարպասը։
8 րոպե անց նույն Կոստան վրիպեց 11-մետրանոց նշակետից, սակայն VAR համակարգը այդ դրվագում արձանագրեց կանոնների խախտում Մարկ Անդրե Տեր Շտեգենի գործողություններում։ 11-մետրանոց հարվածը նորից իրացվեց։ Այս անգամ Սաուլը նշակետից չվրիպեց։
Երկրորդ կեսի մեկնարկում «Բարսելոնան» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ։ 50-րդ րոպեին 11-մետրանոցը անվրեպ իրացրեց Լիոնել Մեսսին՝ գրանցելով նոր ռեկորդ՝ խփելով կարիերայի 700-րդ գոլը։
62-րդ րոպեին «Աթլետիկոն» դարձյալ հավասարեցրեց հաշիվը։ Դարձյալ 11-մետրանոց հարվածից աչքի ընկավ Սաուլը՝ ձևակերպելով դուբլ։
Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։ Այս արդյունքից հետո «Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 70-ի և 2-րդն է մրցաշարային աղյուսակում։ Կատալոնացիները մեկ միավորով հետ են մնում «Ռեալից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։