Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ «Հայփոստ» ընկերությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օժանդակությամբ գործարկում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի նոր պիլոտային ծրագիր:
«Օրեր առաջ «Հայփոստի» գրասենյակներ այցելությունների ընթացքում պարզվեց, որ բավական լուրջ խոչընդոտի են բախվում մեր փոստատարները՝ կենսաթոշակ ստացողների անվանացանկի առկա միակ թղթային տարբերակը հնարավորություն չէր տալիս միաժամանակյա և ավելի արդյունավետ աշխատանք իրականացնել:
Այսօր կարող ենք փաստել, որ ևս մեկ քայլ ենք արել փաստաթղթաշրջանառության թվայնացման ուղղությամբ և «Հայփոստ» ընկերությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օժանդակությամբ գործարկում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի նոր պիլոտային ծրագիր:
Ծրագրով նախատեսվում է էլեկտրոնային սարքերի կիրառմամբ կենսաթոշակների վճարման նոր համակարգի ներդնում, որը սկզբունքորեն կփոխի մինչ այդ գործող ՝ թղթային ցուցակներով վճարման համակարգը:
Պիլոտային ծրագիրը կմեկնարկի մայրաքաղաք Երևանի Ավան վարչական շրջանի փոստային բաժանմունքներում:
Համոզված եմ, որ յուրաքանչյուր նմանօրինակ ձեռքբերում քայլ առաջ է դեպի մեր հիմնական նպատակներից մեկը՝ թվային տնտեսության և հասարակության ձևավորումը»,- գրել է նա: