Հարցին՝ չե՞ք կարծում, որ Կառավարությունը դժգոհում է քաղաքացիների այն վարքագծից, որն օբյեկտիվորեն ձևավորվել է գործադիր մարմնի գործողությունների ու հայտարարությունների արդյունքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում պատասխանել է. «Տեսակետները ոչ թե Հայաստանի առողջապահության թիվ մեկ պատասխանատուի կողմից են հնչեցվել, այլ՝ աշխարհի առողջապահության համար պատասխանատու թիվ մեկ կազմակերպության: Ի սկզբանե եղել է դիրքորոշում, որ դիմակ պետք է կրեն հիվանդներն ու նրանց խնամողները, որովհետև դիմակը պաշտպանում է ոչ թե վարակվելուց, այլ վարակելուց: Սա եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արձանագրումը: Հետո ի՞նչ է փոխվել. փոխվել է որոշակի գիտելիք ու իրավիճակ: Քանի որ կանխավարկածը հետևյալն է՝ բոլորս բոլորիս պետք է վերաբերվենք որպես վարակվածի: Ուզում եմ նշել՝ դիմակ կրում ենք ոչ այնքան սեփական, որքան դիմացինի անվտանգությունն ապահովելու առումով: Մենք ինքերս մեզ պետք է վերաբերվենք որպես վարակակրի»:
Նրա խոսքով՝ համավարակի սկզբի օրերին կար նաև երկրորդ խնդիրը, երբ պետք էր դիմակների սպառումը զսպել, որ հիվանդանոցներում բժիշկներն ունենային դիմակ:
«Այսօր աշխարհում 10 միլիոնից ավելի դեպք է արձանագրվել: Լավ, ՀՀ-ում, ենթադրենք, առողջապահության նախարարությունը սխալ հայտարարություն է արել, բա աշխարհի մնացած երկրներում ովքե՞ր են սխալ հայտարարություն արել: Համաճարակն այսօր աշխարհում ծավալվում է»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է հարց դրվի՝ ուզում ենք վիճակը վատանա՞, թե՞ լավանա:
«Ասում են՝ տարբեր կարծիքներ ունեցող մասնագետների լսենք: Մասնագետներ կան՝ մինչև հիմա ասում են կորոնավիրուսը սուտ է, չկա նման բան, դիմակ մի կրեք: Է, լսենք: Լսենք, մարդիկ շարունակեն մահանալ»,- ասաց նա՝ հավելելով, որ իրականում պետք է ելնել ԱՀԿ փորձից: «ԱՀԿ մասնագետներն ասում էին՝ այս ընթացքը ցույց տվեց, որ չկա ճիշտ կամ սխալ որոշում, որովհետև բոլոր որոշումները մասամբ արդարացվում են, մասամբ չեն արդարացվում: Ուստի իմ կոչն ու խնդրանքն է՝ կենտրոնանալ իրավիճակի վրա»,- ասաց նա: