ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ հունիսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կազմավորված` 2020 թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը:
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո գործող հանձնաժողովը նիստի ընթացքում քննարկել է քաղաքացիներից ստացած դիմումներն ու բողոքները, հանդես եկել առաջարկություններով և միջնորդություններով։ Ստացված դիմումներն առավելապես վերաբերում են զորակոչիկների առողջական խնդիրներին և այդ առնչությամբ կատարված բուժհետազոտությունների արդյունքներին։
Ի տարբերություն նախորդ զորակոչերի՝ 2020 թ. ամառային զորակոչի ընթացքում հանձնաժողովի աշխատանքը կկազմակերպվի համաճարակային իրավիճակի նկատառումով: Ձեռնարկվել են միջոցներ առողջական տեսակետից այն անվտանգ անցկացնելու համար: Մշտապես կախտահանվեն ու կօդափոխվեն աշխատանքային տարածքները, հանձնաժողովի անդամներին և քաղաքացիներին կտրամադրվեն ախտահաման ու պաշտպանիչ միջոցներ: Հանձնաժողովի նիստերը կգումարվեն առավել հաճախ` կրճատելով մեկ նիստի ընթացքում քննարկվող դիմում-բողոքների թիվն ու նիստերի տևողությունը, կպահպանվի անվտանգ հեռավորություն նիստի մասնակիցների միջև և այլն:
Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 10:00-ից։ Դիմում-բողոքը պետք է գրել տանը, կցել անհրաժեշտ փաստաթղթերը և ամբողջական փաթեթը հանձնաժողովին փոխանցել մեկ անձի միջոցով կամ ուղարկել փոստով: Դիմում-բողոքի քննարկմանը կարող է մասնակցել առավելագույնը երկու անձ` զորակոչիկն ու նրա ընտանիքի մեկ անդամ:
Մանրամասն տեղեկությունների և պարզաբանումների համար անհրաժեշտ է զանգահարել (010) 52-34-82 հեռախոսահամարով: