Միացյալ Նահանգները գնել է կորոնավիրուսի բուժման համար օգտագործվող ռեմդեսիվիրի եռամսյա մատակարարման մոտ 90 տոկոսը: Այդպիսով սահմանափակվել է Եվրամիության և Մեծ Բրիտանիայի հասանելիությունն այդ դեղամիջոցին՝ գրում է The Guardian-ը:
Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգները հունիսի վերջին պատվիրել է մոտ 500 հազար դոզա ռեմդեսիվիր ու Եվրոպային ոչինչ չի թողել, ասել է Լիվերպուլի համալսարանի ավագ գիտաշխատող Էնդրյու Հիլլը:
Մայիսին Միացյալ Նահանգների Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականները ապացուցեցին, որ ռեմդեսիվիրը իրականում արագացնում է COVID-19-ով հիվանդների առողջացումը:
Կորոնավիրուսով վարակված 1063 մարդ մասնակցել է կլինիկական փորձարկումներին, և նրանք, ում ռեմդեսիվիր են ներարկել, ավելի արագ են բուժվել: Դեղը նաև նվազեցրել է մահացությունը, փորձարարական խմբում ներառված հիվանդների մահվան դեպքերը կազմել են 7,1 տոկոս:
Ռեմդեսիվիրը հակավիրուսային դեղամիջոց է, որն օգտագործվել է էբոլան բուժելու համար: