«Մեզ դեռևս չի հաջողվում կորոնավիրուսի համավարակի համատեքստում լուծել մեր հիմնական ռազմավարական խնդիրը, իսկ մեր հիմնական ռազմավարական խնդիրն է՝ սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ: Սա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է աշխատի իր կյանքը, առօրյան դասավորել այնպես, որ չվարակվի կորոնավիրուսով ու չվարակի ուրիշներին»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ շարունակում ենք կորոնավիրուսի վարակվածության հարյուրավոր նոր դեպքեր ունենալ: «Կորոնավիրուսով հիվանդների մեծ մասը առողջանում է, բավական մեծ մասը հիվանդությունը տանում է առանց ախտանշանի: Բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքն այս թվի մեջ դրական վիճակագրությունը լրացնելով՝ ինչ-որ մեկին դատապարտում է մահվան»,- շեշտեց վարչապետը:
Փաշինյանը տեղեկացրեց, որ այս պահին ունենք 10 900 կորոնավիրուսով ակտիվ հիվանդ, որոնցից 2106-ը գտնվում են հիվանդանոցային պայմաններում: «Նրանցից 536-ի վիճակը ծանր է, 117-ի վիճակը՝ առանձնապես ծանր, 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ, և երեկ ունեցել ենք մահվան 10 դեպք, մահերի ընդհանուր թիվը հասել է 453-ի»,- ասաց վարչապետը:
Նա խոսեց մահերի ընդհանուր վիճակագրության մասին: Ըստ Փաշինյանի՝ եթե այս տարվա առաջին հինգ ամիսներին մահացության ցուցանիշն ավելի քիչ է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, ապա հունիսին վիճակագրությունը փոխվել է: «Այս տարվա հունիսին մենք նախորդ տարվա հունիսի համեմատ ունեցել ենք մոտ 30 տոկոսով ավելի շատ մահացություն»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ այդ վիճակագրության փոփոխությունը ոչ ամբողջությամբ է կապված կորոնավիրուսի հետ, բայց կորոնավիրուսի ընթացիկ վիճակն էապես նպաստում է դրան: