Հրապարակվեցին նաև Վրաստանի տնտեսական իրավիճակը բնութագրող տվյալները 2020 թ. հունվար-մայիսի համար։ Ըստ այդմ՝ հունվար-մայիսի արդյունքներով Վրաստանի տնտեսական անկումը կազմել է 5.4%: Ընդ որում՝ ապրանքների արտահանումը նվազել է 16.1%-ով, ներմուծումը նվազել է 17.1%-ով։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը:
«Պետք է նշել, որ վերջերս ՀԲ-ն ինչպես աշխարհի, այնպես էլ տարածաշրջանի երկրների մասով մեծացրել էր վատատեսական կանխատեսումները, Վրաստանի համար 2020 թ. կանխատեսել էր 4.8% անկում, իսկ Հայաստանի համար՝ 2.8%։ Մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ երկու երկրում էլ անկումն ավելի խորն է լինելու, քան կանխատեսվածը»,- գրել է պատգամավորը։
Ավելի վաղ, Արտակ Մանուկյանը հրապարակել էր հունվար-մայիսի օպերատիվ տվյալները:
«Ըստ այդմ՝ 2020 թ. հունվար-մայիսին նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 3.9% տնտեսական անկում: Արտահանման անկումը կազմել է 8.1%, իսկ ներմուծումը նվազել է 12.8%-ով: Ամենայն հավանականությամբ, արտահանման համեմատաբար ցածր անկումը և արդյունաբերության արտադրանքի 2.4% աճը պայմանավորված են հանքարդյունաբերությամբ»,- նշել էր նա: