ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հակաճգնաժամային 20-րդ ծրագրից օգտվելու պայմանները:
«20-րդ ծրագրի միանավագ՝ 68.000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր մարտի 1-ից հունիսի 15-ը առնվազն 1 օր հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներ) կամ անհատ ձեռնարկատերեր՝
1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
2) հանրային սննդի ծառայություններ.
3) զբոսաշրջային ծառայություններ.
4) նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
5) սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
6) զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.
7) կինոթատրոնների գործունեություն.
8) լուսանկարչության բնագավառում գործունեություն.
9) ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
10) կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
11) ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
12) խաղատների գործունեություն.
13) առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ:
Կատարված փոփոխությամբ այս ցանկին ավելացան նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտները: Ըստ նախնական տվյալների՝ ծրագրից կօգտվի 37 հազար քաղաքացի, բյուջեն կազմում է 2.5 միլիարդ դրամ:
Սիրելի՛ հայրենակիցներ, պիտի հաղթահարենք կորոնավիրուսային ճգնաժամը ու վերադառնանք մեր բարեկեցության կառուցման գործին և կառուցենք Հայաստանը նորովի»,- տեղեկացրել է վարչապետ Փաշինյանը: