ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում, անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում կատարված փոփոխություններին, նշեց, որ անցած շաբաթվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները ցույց են տվել, թե ինչպիսի հակապետական մարմնի հետ գործ ունեինք՝ ի դեմս ՍԴ նախկին կազմի: Ամենաուշագրավը, ըստ պատգամավորի, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից հայտնի դիմումը հետ վերցնելու քայլն էր, որը բացահայտեց, թե իրականում ինչ ստվերային ու հանցավոր համաձայնությունների մեջ են եղել ՍԴ նախկին անդամներն ու նախագահը՝ ՍԴ կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հետ:
«Այսօր իբրև թե վարկային բեռից բողոքող մարդիկ, ովքեր դեռ նախորդ տարեվերջին և այս տարեսկզբին հրաժարվեցին վաղ կենսաթոշակի մասին օրենքի ընձեռած հնարավորությունից, իրականում ստվերային գործարքի էին գնացել ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հետ, ումից ակնկալում էին գուցե ավելին, քան օրենքով սահմանված այն արտոնություններն ու նյութական միջոցներն էին, որոնք նրանք կարող էին ստանալ: Դրվագը լավագույնս ցույց է տալիս ՍԴ նախկին կազմի բնույթն ու էությունը, իսկ դա հանցավոր բնույթ է, բանդայի վերածված խմբակ, որը սահմանադրականության անվան տակ տարիներ, տասնամյակներ շարունակ զբաղված է եղել մեր երկրում Սահմանադրությունը բռնաբարելով»,- նշեց պատգամավորը: