ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է փոխել Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածու առաջադրող մարմինների հերթականությունը:
«Առաջին առաջադրումը կատարվելու է Կառավարության, երկրորդը՝ ՀՀ նախագահի, երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Սահմանադրական դատարանում առկա այս պահին երեք թափուր պաշտոնների համար այդ առաջադրումները կատարվելու են այդ հերթականությամբ»,- ներկայացրեց նախագծի համահեղինակ Սուրեն Գրիգորյանը:
Ըստ նրա՝ եթե հերթականությունները պահպանվեն, գործող խմբագրությամբ՝ ՀՀ նախագահ, Դատավորների ընդհանուր ժողով և Կառավարություն, կխախտվի Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:
«Նախագծով ուղղակիորեն ամրագրվում է, որ չնայած սահմանված հաջորդականությամբ առաջադրող մարմնի կողմից առաջադրում չի կատարվում, եթե կոնկրետ մարմնի կողմից առաջադրված և կոնկրետ պահին պաշտոնավարող դատավորների թիվը հավասար է երեքի: Ուժը կորցրած է ճանաչվում նաև 17-րդ հոդվածի 5-րդ մասը, որը նախատեսում է միաժամանակյա մի քանի թափուր պաշտոնի առաջադրման դեպքում համալրման ընդհանուր կանոնը»,- մանրամասնեց Գրիգորյանը:
Օրենքում ամրագրվում է, որ ՍԴ նախագահն ընտրվում երեք թափուր պաշտոնները համալրելուց հետո՝ 10-օրյա ժամկետում:
«Հաշվի առնելով, որ ՍԴ երեք անդամները, որոնց լիազորությունները դադարել են վերջին Սահմանադրական փոփոխություններով, ընթացիկ վարույթ գործեր ունեն, նախատեսվում է այդ դեպքում սահմանված ժամկետում հրավիրել աշխատակարգային նիստ, որպեսզի իրենց մակագրված գործերը վերամակագրվեն, և նոր զեկուցողներ սահմանվեն»,- ընդգծեց Գրիգորյանը:
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսված է կենսաթոշակ նշանակել Սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետն ավարտվելու հիմքով: