ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների չկատարման հիմքով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր 24 ժամով կասեցրել են երկրում գործող մոտ հարյուր սննդի շղթայի օպերատորների գործունեությունը:
48 ժամով կասեցվել է Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Ամառ» սրճարան-ռեստորանի գործունեությունը՝ կատարման համար պարտադիր սանիտարհիգիենիկ նորմերի գրեթե ամբողջ սպեկտորը խախտելու համար. մատուցվել է նարգիլե, աշխատակիցները չեն կրել դիմակ, միևնույն սեղանի շուրջ նստած են եղել 5-ից ավելի անձինք, բացակայել են գրառումները աշխատակիցների ջերմաչափման և ախտահանման գրանցմատյաններում:
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում շարունակվել է երեկվանից սկսված խստացված ստուգայցը հանրային սննդի օբեկտներում, խանութներում ու արտադրական կազմակերպություններում: Բազմաթիվ տնտեսավարողներ շարունակում են անպատասխանատու վերաբերվել սահմանված կարգին. խախտվում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը:
Նախկինում խախտումներ թույլ տված և մեկ անգամ արդեն 24 ժամով կասեցված մի շարք տնտեսավարողների մոտ, սակայն, արձանագրվել է դրական տեղաշարժ՝ թերացումներն ակնհայտորեն պակասել են կամ իսպառ վերացվել:
Ստուգայցեր անցկացվել են հանրապետության բոլոր մարզերում:
Տեսչական մարմինը տնտեսավարողներին աջակցում է խորհրդատվությամբ, ցուցումներով, ինչպես նաև հիշեցնում կրկնակի խախտումների պարագայում սպասվող ավելի խիստ պատժամիջոցների մասին: