ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին պատգամավորը հայտնել է իր Ֆեյսբուքի էջում:
«Հարգելի՛ քաղաքացիներ, սիրելի՛ հայրենակիցներ, շաբաթ֊կիրակի բարձր ջերմություն եմ ունեցել։ Աշխատանքային գրաֆիկը հաշվի առնելով՝ որոշեցի թեստ հանձնել, որպեսզի տանից դուրս գալով չվտանգեմ որևէ մեկի առողջությունը։ Երեկ երեկոյան պատասխանեցին, որ թեստը դրական է եղել. այսօրվա բացակայությունս պայմանավորված է դրանով։
Առավոտից բազմաթիվ զանգեր եմ ստանում գործընկերներից, քաղաքացիներից, լրագրողներից և ուզում եմ շնորհակալություն հայտնել ուշադրության, բարի խորհուրդների և դրական էմոցիաների համար։
Շատ են հարցնում վարակի հնարավոր աղբյուրի մասին, այս հարցին պատասխանել չեմ կարող։ Օգտվում եմ տաքսիներից, նախորդ շաբաթ մարզում եմ եղել , հանդիպում եմ ունեցել հատուկ կարիք ունեցող երեխաների և նրանց ծնողների հետ, խոսել եմ քաղաքացիների հետ. շփման շրջանակը մեծ է եղել։ Բայց արդեն դա չի էականը։
Հուսամ՝ ես որևէ մեկի համար առողջական խնդիր չեմ առաջացրել, չնայած ողջ ընթացքում եղել եմ դիմակով և ձեռնոցներով։ Հետևաբար այս պահին այդ հարցին տալ կոնկրետ պատասխան չեմ կարող, և, կարծում եմ, ոչ ոք չի կարող։ Մեծ խնդրանք բոլորին՝ պահպանեք վարակից խուսափելու բոլոր կանոնները և առողջ եղեք։ Ես չգիտեմ, թե ինքս որտեղ եմ սխալ թույլ տվել։
Հ.Գ. Ես ինձ վատ չեմ զգում, երեկվանից տաքություն չունեմ, ցավեր՝ նույնպես։ Որոշակի ծանրություն եմ զգում կոկորդում։
Այժմ ինքնամեկուսացած եմ, դուստրս տատիկ֊պապիկի մոտ է։
Ի դեպ, հատուկ շնորհակալություն Կառավարությանը՝ ի դեմս պարետատան, առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունների՝ նրանց օպերատիվ աշխատանքի, հոգատարության և ուշադրության համար»,- ասված է պատգամավորի գրառման մեջ: