Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ:
Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել տիկին Վուտովային առաքելության ընթացքում ՀՀ-ում տեղական ժողովրդավարության ամրապնդման գործում նրա դերակատարության և ԵԽ գրասենյակի ցուցաբերած գործուն աջակցության համար:
Նախարարի խոսքով՝ տեղական ժողովրդավարության զարգացումը շարունակելու է մնալ ՀՀ Կառավարության և ԵԽ համատեղ օրակարգի կարևոր բաղադրիչը՝ էլ ավելի խորացնելով տարբեր ուղղություններով առկա համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում բարձր գնահատելով ԵԽ հայաստանյան թիմի խորհրդատվական աջակցությունը՝ նախարար Պապիկյանը անդրադարձել է վերջին օրենսդրական փոփոխություններին. «Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների բարեփոխումներով մենք անցում ենք կատարում տեղական ժողովրդավարության ավելի բարձր մակարդակի: Մենք հնարավորություն ենք ընձեռում Հայաստանում բոլոր քաղաքական ուժերին մասնակցություն ունենալ տեղական ինքնակառավարմանը և ստանձնել պատասխանատվություն տեղերում առողջ մթնոլորտի ձևավորման, համայնքների զարգացման և բալանսավորված տեղական ինքնակառավարում ունենալու համար»:
Իր խոսքում Նատալիա Վուտովան նշել է. «Այս հանդիպումով մենք շեշտում ենք Հայաստանում տեղական ժողովրդավարության կարևորությունը: Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության արմատներում է, և ԵԽ-ը իր ծրագրերով, մասնավորապես, «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» և «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» բաղադրիչներով, ՀՀ Կառավարության հետ համատեղ էական արդյունքներ է արձանագրել տեղական մակարդակում ժողովրդավարական ինստիտուտների, կարողությունների զարգացման և հանրության հետ աշխատանքի գործում»:
Այս համատեքստում նախարարը կարևորել է նաև ԵԽ-ի հետ մոնիթորինգային երկխոսության շարունակականությունը և դրա արդյունքում ձևավորված ճանապարհային քարտեզի կիրարկումը, այդ թվում՝ Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ զարգացմանը և անկախացմանը ուղղված հետագա քայլերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել 2021թ. սպասվող ՏԻՄ ընտրությունների, առաջիկա 5 տարիների ընթացքում վարչատարածքային բարեփոխումների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին:
Ամփոփելով՝ նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Նատալյա Վուտովային և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: