ԱԺ արտահերթ նստաշրջանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը շեղվեց օրակարգից և անդրադարձավ Հրայր Թովմասյանի խորհրդականներից Գրիգոր Մուրադյանի՝ հունիսի 25-ին հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարություններին: Հովակիմյանն ասաց՝ այդ պաշտոնյան Հայաստանի իշխանությունների, ՀՀ նախագահի հասցեին տարատեսակ վիրավորանքներ ու լուտանքներ է հնչեցրել:
«Այնքան տարված է խոսում, որ խոսքի մեջ մի էսպիսի արտահայտություն է անում: Մեջբերում եմ՝ «ՍԴ ռազմավարությունն էր՝ ոչ մի դեպքում չընկրկել և, ամենակարևորը՝ հարկադրել, որ այս իշխանությունները միայն հակաիրավական, հակասահմանադրական ու պետական հեղաշրջման միջոցով հասնեն իրենց նպատակին»: Հասկանո՞ւմ եք՝ խոսքը հանրային ծառայողի մասին է, որը պետբյուջեից աշխատավարձ է ստանում: Ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ձևակերպված իշխանություններին ինչ-որ բան հարկադրելու մարտավարություն են իրականացրել: Ինձ ուղղակի հետաքրքիր է՝ տվյալ անձի՝ Հայաստանի իշխանություններին ամեն կերպ վնաս տալու մոլուցքը մինչև ո՞ւր է գնացել»,- ասաց Հովակիմյանը: