ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հարկային օրենսգրքի փոփոխություններին, որի արդյունքում նախատեսված է գույքահարկի դրույքաչափերի փոփոխություն: Նախարարն ասաց՝ այն տրամաբանական շարունակությունն է մի շարք նախաձեռնությունների, օրինակ՝ հարկային համակարգի հայեցակարգային փոփոխությունների:
Ջանջուղազյանը հիշեցրեց, որ ներմուծվել է եկամտային հարկի համահարթ դրույքաչափ՝ 23 տոկոս, և դրվել աստիճանական նվազեցմամբ մինչև 20 տոկոսի հասնելու տրամաբանություն: Նախարարն ասաց՝ քննադատվում էր, որ շատ եկամուտ ստացողից շատ հարկ գանձելու մոտեցումն է դուրս մնում: Սակայն, ըստ նրա, այդ պրոգրեսիվությունը ձևական է: «Թեև դրույքաչափը պրոգրեսիվ էր սահմանված, մինչ այդ գործում էր երեք միջակայք՝ 23, 28 և 36 տոկոս: Ձևական էր, որովհետև վարձու աշխատողների կամ հարկ վճարողների 65 տոկոսը գտնվում էր 23 տոկոս դրույքաչափով հարկման միջակայքում: Միայն մոտ 1400 հարկ վճարող էր վճարում 36 տոկոս դրույքաչափով»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ պրոգրեսիվության հասնելու համար առաջարկվեց, որ հարկվի ոչ միայն կոնկրետ ժամանակահատվածի ստացված եկամուտը, այլև տեսանելի հարստությունը՝ գույքը:
Նախարարի խոսքով՝ կային նաև կադաստրային գործող արժեքներ, որոնք գույքային հարկերի հաշվարկման համար շատ հեռու էին այդ նույն գույքային միավորների շուկայական արժեքներից: «Այդ տրամաբանությունը դրված էր դեռևս այն ժամանակ, երբ Հարկային օրենսգիրքն ընդունվեց և ուժի մեջ մտավ: Նախատեսվում էր, որ այն պահին, երբ կվերանայվեն կադաստրային արժեքները, կմոտարկվեն շուկայական արժեքներին, դրանք կսկսեն կիրառվել գույքային հարկերի հաշվարկման համար»,- ասաց Ջանջուղազյանը՝ շեշտելով, որ այդ փոփոխությունը ևս անցյալ տարի տեղի ունեցավ, և կան գույքային միավորների՝ շուկայականին մոտարկված արժեքներ: Ասաց՝ գործնականում գույքային միավոր առ միավոր վերլուծել են փոփոխության ազդեցությունը և կայացրել որոշումներ:
Ջանջուղազյանի խոսքով՝ երբեմն հարկը ընկալվում է որպես բեռ, բայց իրենց մոտեցումն է, որ դա ոչ թե բեռ է, այլ պահանջի իրավունք, որը վճարողը ձեռք է բերում այն ծառայությունների համար, որը պետբյուջեն ենթադրում է, որ պարտավորվել են մատուցել հանրությանը: