«Ես երեկ մի վիճակագրություն էի ներկայացրել, որ Հայաստանում կա ընդամենը 9500 բնակարան կամ ընդհանուր բնակարանների մոտ 2.5 տոկոսը, որոնց գույքահարկը տարեկան 64 հազարից բարձր է: Եթե այդ 9500-ի մեջ կլինեն, օրինակ՝ բոլորը թոշակառուներ, ինչը խիստ անհավանական է, այդ դեպքում կան տարբեր մեխանիզմներ»,- հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխություններին:
Ըստ նրա՝ եթե իրականում մարդու եկամտի միակ աղբյուրը թոշակն է, նա իրոք չի կարողանում գույքահարկ վճարել, թոշակը օրենքով արգելանքի տակ դրվելու ենթակա չէ: Տեղեկացրեց, որ համայնքների ավագանին էլ ունի մինչև իր գույքահարկի եկամուտների 10 տոկոսի չափով ֆոնդ, որով կարող է արտոնություն տալ կամ չեղարկել: Ընդգծեց՝ 10 տոկոսը բավարար է այդ մարդկանց խնդիրները լուծելու համար, և թափանցիկության չափորոշիչները ևս պետք է պահպանվեն:
Անդրադառնալով բիզնեսների եկամտաբերությանը՝ պատգամավորն ասաց, որ այն կարող է խթանող ազդեցություն ունենալ: «Ժամանակին, եթե մարդիկ կոպեկներով որևէ գույք են սեփականաշնորհել, ու այսօր իրենց համար դա պահելը, գույքահարկ վճարելը ոչ մի բան չարժեն, քանի որ ցածր է, այն սկսնակ գործարարը, երբ ուզում է գույք ձեռք բերել, կանգնում է լուրջ խնդրի առաջ, քանի որ այդ գույքը չի կարողանում սեփականատիրոջից հարմար գնով գնել կամ վերցնել: Գույքահարկի ավելացումը չօգտագործվող գույքերի համար ստիպելու է այն մարդկանց, որոնք հնուց ունեն իրենց սեփականությունը հանդիսացող որոշ տարածքներ, կամ դրանք աշխատեցնել, կամ վարձով տալ, վաճառել մարդկանց, որոնք ցանկություն ունեն դրանք օգտագործելու»,- ասաց Թունյանը: