Փոստային բաժանմունքները հուլիսի կենսաթոշակների վճարումները կիրականացնեն հուլիսի 2-ից մինչև 20-ը ներառյալ՝ հայտնում են «Հայփոստից»:
«Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ հաշվի առնելով կենսաթոշակային տարիքի անձանց՝ կորոնավիրուսի տարածման ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը՝ հանրապետությունում հուլիս 2-ից կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:
Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի կենսաթոշակառուի (նպաստառուի) հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, հուլիսի 10-ից սկսած՝ խստագույնս պահպանելով համավարակի տարածման կանխարգելման կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ: