Հունիսի 30-ին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները՝ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական և կանխարգելիչ գործառույթներ իրականացնելու և համավարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, համատեղ միջոցառումներ են իրականացրել Նոր Նորք վարչական շրջանում։
Վաղ առավոտից տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված լայնածավալ վերահսկողության, մշտադիտարկումների արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից հայտնաբերվել են կանգնած ողևորներով երեք տրանսպորտային միջոցներ և մեկ տրանսպորտային միջոց, որում բացակայել է ախտահանիչ հեղուկը։
Այսօրվա դիտարկման արդյունքում տաքսամոտորային փոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։
Վերահսկողությանը զուգահեռ իրականացվել են ամենօրյա իրազեկման և բացատրական աշխատանքներ, որոշ թերությունների դեպքում տեղում տրվել են անհապաղ շտկման ցուցումներ։ Տեսչական մարմնի կողմից արդեն մեկ ամսից ավել շարունակվող մշտադիտարկման և վերահսկողության արդյունքները փաստում են, որ իրականացվող լայնածավալ աշխատանքների արդյունքում հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ կա դրական տեղաշարժ, հայտնաբերվող խախտումների և համապատասխան վարչական արձանագրությունների թիվը շարունակում է նվազել։
ՔՏՀԱՏՄ ամենօրյա վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ողջ տարածքում։