ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հագեցած օրակարգում ընդգրկվել է հարցերի լայն շրջանակ. անդրադարձ է կատարվել կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում ԵՄ-ի աջակցությամբ և գործընկերությամբ իրականացվող ընթացիկ բոլոր ծրագրերին:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ինչպես հանրակրթության և ՄԿՈՒ ոլորտներում իրականացվող համապարփակ բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության, այնպես էլ Եվրամիության այն օժանդակության համար, որը տրամադրվել է կորոնավիրուսի պատճառով ստեղծված արտակարգ դրության պայմաններում: Նախարարը կարևորել է այս օրերին կրթության ոլորտում նոր հնարավորությունների զարգացումը՝ պայմանավորված հեռավար կրթության ենթակառուցվածքների ձևավորմամբ: Ա. Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ քննարկվում են բոլոր հնարավոր սցենարները ուսումնական գործընթացը սեպտեմբերին վերսկսելու նպատակով:
Դեսպան Վիկտորինը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, ասել է, որ տպավորված է հատկապես գիտության բնագավառում հայ մասնագետների արձանագրած հաջողություններով: Նրա խոսքով՝ ֆինանսական աջակցությունից բացի, Եվրամիությունը պատրաստակամ է տրամադրելու նաև փորձագիտական օժանդակություն ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացում:
Նախարար Ա. Հարությունյանը դեսպանին նաև իրազեկել է, որ արդեն լայն շրջանառության է դրվել Հանրակրթության պետական չափորոշիչը, որի փորձնական կիրառումը նախատեսված է 2021 թվականին: Ինչ վերաբերում է կրթության և երիտասարդության ռազմավարություններին, ապա ծավալուն այս փաստաթղթերը դեռևս մշակման փուլում են և հանրային քննարկման կդրվեն ավելի ուշ:
Նա հատկապես կարևորել է ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում կրթության, մշակույթի, երիտասարդների փոխանակման ծրագրերի տեղեկատվական կենտրոնների գործունեությունը Հայաստանում՝ էական համարելով դրանց՝ Հայաստանում տեղակայված լինելու հանգամանքը: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել «Ստեղծարար արդյունաբերություն» ծրագրի իրագործումը, որը միտված է մարզերում մշակույթի ոլորտի զարգացման կայուն հիմքերի ձևավորմանը, ինչպես նաև 2021 թ. մեկնարկելիք «Հորիզոն Եվրոպայի» շրջանակում հայ-եվրոպական գիտահետազոտական համագործակցությունը: