Էստոնիայի Հանրապետությունը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին (ՔՈԱՖ) 28 հազար եվրո դրամաշնորհ է տրամադրում, որը ծառայելու է կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին։ Ծրագիրը կյանքի կկոչվի 2020 թ․ հուլիսին՝ տեղեկացնում են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամից։
Որպես Եվրոպական միության հումանիտար ծրագրի զարգացում, երբ Լոռու մարզի 26 բուժհաստատությունների տրամադրվել են վարակի տարածումը կանխող պարագաներ, Էստոնիայի դրամաշնորհն ուղղվելու է նույն համայնքներում բժշկական նորագույն պարագաների ու սարքավորումների ձեռքբերմանը:
Դրանք ներառում են 1 կենսաքիմիական անալիզատոր Լոռու մարզի համար, 2 փոքր շարժական ուլտրաձայնային սարք, BP տոնոմետր, գլյուկոմետր՝ շաքարը չափող սարք, և զարկերակային օքսիմետր, ինչպես նաև անհրաժեշտ պարագաների հավաքածու՝ ձեռնոց, ախտահանող միջոցներ, հեռավար ջերմաչափեր, պաշտպանիչ ու շնչադիմակներ և պաշտպանիչ արտահագուստ։
«Էստոնիան մեծապես կարևորում է կորոնավարակի ճգնաժամի այս պայմաններում համերաշխության դրսևորումը և ձեռք մեկնելը աջակցության կարիք ունեցող գործընկեր երկրներին։ Այս պահին Հայաստանը ջանադրաբար պայքարում է վարակը հաղթահարելու համար, ու մենք հույս ունենք, որ մեր ներդրումը Եվրամիության արագ արձագանքման մեխանիզմին՝ Լոռու մարզում բժշկական կենսական անհրաժեշտության սարքավորումների ձեռքբերման նպատակով, Հայաստանի կյանքում թեև փոքրիկ, բայց դրական փոփոխություն կբերի»,- նշել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնը։
Գյուղական համայնքների բուժհաստատությունները տեղական միակ կառույցն են, որ ապահովում են բնակիչների առողջությունն ու անվտանգությունը COVID-19 տարածման կանխարգելման և կառավարման ճանապարհին։
«Ասիմպտոմ վարակակիրների թվի աճին զուգահեռ՝ նրանց բուժումը վերահսկող առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետները հայտնվում են ամենավտանգավոր գոտում։ Եվ այս պարագայում գյուղական բուժկետերի, ամբուլատորիաների ու առողջության կենտրոնների ամրապնդումն ու ապահովագրումը հրատապ են դառնում և կենսական»,- ընդգծել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։