ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ գույքահարկի դրույքաչափերի փոփոխությունները պատահական բնույթ չեն կրում, դեռևս 2018-ին Կադաստրի կոմիտեն ձեռնամուխ է եղել կադաստրային արժեքների վերանայման քաղաքականությանը: Թովմասյանի խոսքով՝ վերլուծվել է կոմիտեում կենտրոնացված բազայի 3 տարվա տվյալները, և շուրջ 50 հազար անշարժ գույքի շուկայական գնահատում է արվել:
Կոմիտեի ղեկավարը նշեց, որ սկսած 1994 թվականից՝ կադաստրային արժեքներ են սահմանվել ՀՀ-ում, որոնք որոշակիորեն փոփոխության են ենթարկվել 1997, 2001, 2003 թվականներին: Սակայն ներկայումս ունենք երկու տիպի կադաստրային արժեքներ: Դրանցից մեկը հարկման հիմքում նստած կադաստրային արժեքն է, իսկ մյուսը համայնքային և պետական սեփականության հողերի օտարման համար հաշվարկվող կադաստրային արժեքն է:
«Եթե ելնենք այս տեսանկյունից, ուրեմն սկսած 1994-ից, օրինակ՝ Երևան քաղաքում սահմանվել է կադաստրային արժեք քաղաքի կենտրոնի համար 1 քառակուսի մետրի համար 2585 դրամ: Այսինքն՝ սա նշանակում է, որ Կենտրոն առաջին գոտում գտնվող 1000 քմ հողը արժի 2 միլիոն 585 հազար դրամ հարկման համար, և որպես հարկ գեներացվում է 1 տոկոսը՝ 25 հազար դրամի չափով: Վերլուծելով այս ամբողջ թվաբանական շարքը՝ մենք հասկանում էինք, որ շուկան և ներկա իրավիճակը բացարձակապես աղերս չունեին իրար հետ: Գործընթացի կազմակերպման իմաստն այն էր, որ արտացոլենք իրական պատկերը և շուկայում ստեղծենք մի իրավիճակ, որ յուրաքանչյուր թիվ ունենա հստակ հիմնավորում»,- նշեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքում վերջին փոփոխություններին:
Հիշեցնենք՝ հունիսի 24-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 74 կողմ, 14 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: