ԿԳՄՍ նախարարության նոր նախագծով առաջարկվում է նաև հրաժարվել անբավարար գնահատականային շեմի գաղափարից: Փաթեթն արդեն ներկայացվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում: 1lurer.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ դպրոցը չպետք է լինի այն վայրը, որտեղ տարեվերջին պարզվի, որ որոշ աշակերտներ չունեն առաջընթաց և չեն յուրացրել ծրագիրը: Առաջարկվող նոր մոդելի ամբողջ տրամաբանությունն այն է, որ ուսուցիչը պետք է ամբողջ ընթացքում աշխատի աշակերտների հետ, տարվա ընթացքում ձևավորի մի միջավայր, որում երեխան, համագործակցելով ընկերների, ուսուցիչների հետ, նոր հմտություններ ձեռք կբերի: Անդրեասյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում են առանցքային փոփոխություններ:
«Մենք նախատեսում ենք հավելյալ մեխանիզմներ: Մեկը՝ պարտադիր կրթությունից դուրս մնացող երեխաների հաշվառման կարգն է, որը շրջանառության վերջին փուլում է, և առաջիկայում կուղարկենք հաստատման: Արձանագրելու ենք բոլոր այն դեպքերը, երբ երեխան ուղղակի որևէ դպրոցում ընդգրկված չէ, այսինքն՝ ֆորմալ գրանցված չէ: Հաշվառվելու են բոլոր բացակայությունները. երբ երեխան մի քանի օր շարունակ չի գնում դպրոց՝ ծրագրային ապահովման մեջ համապատասխան նշում է արվելու: Կբացվի հայտ, որը միանգամից կտեսնեն պոլիկլինիկայում, որտեղ կհաստատեն՝ երեխան ունի՞ առողջական խնդիր, թե՞ ոչ: Տվյալները կարող է միանգամից տեսնել նաև տարածքի սոցիալական ծառայությունը: Սոցիալական ծառայողը այց կկատարի բնակարան՝ պարզելու համար, թե ինչ պատճառով երեխան չի հաճախում դպրոց: Սա թույլ է տալու, որ մենք վերահսկենք բաց թողնված դասերի խնդիրը, քանի որ հենց սա է դառնում չյուրացնելու, չհասցնելու պատճառ» ,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Ներդրվելու է նաև երկարօրյա ուսուցման նոր կարգ, որով հավելյալ կրթական աջակցություն է ցուցաբերվելու բոլոր այն երեխաներին, որոնք սովորելու ընթացքում կունենան դժվարություններ: Տարվա ամենասկզբից աշխատելու են երեխաների հետ, որպեսզի որևէ մեկը գործընթացից դուրս չմնա, և այն երեխաները, որոնք ունեն հավելյալ աջացության կարիք, կարողանան դա ընթացքում ստանալ: Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ հեռավար ուսուցման համար նախատեսել են նաև հեռավար ուսուցման կարգ:
«Հեռավար ուսուցման կարգը նպաստավոր կլինի նաև այն երեխաների համար, որոնք առողջական խնդիրների, սպորտով, արվեստով ակտիվ զբաղվելու պատճառով ստիպված են հաճախ բացակայել: Նյութը բաց թողած աշակերտներն այս ընթացքում կարող են հեռավար սովորել: Մենք ուղղակի չենք ուզում տարեվերջին ֆիքսել, որ որևէ երեխա չունի բավարար առաջընթաց: Հենց այս ամբողջ տրամաբանության մեջ է առաջարկվող փոփոխությունը»,- ասաց նախարարի տեղակալը:
Փոփոխությունը հիմնված է նաև այն հանգամանքի վրա, որ գնահատականը պետք է լինի խրախուսելու միջոց, ոչ թե պատժելու: Անդրեասյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ դպրոցում փոխվի գնահատականի համար սովորելու մոտեցումը:
«Երբ նայում ենք, թե ինչ է տեղի ունենում այն երեխաների հետ, որոնք մնում են նույն դասարանում, տեսնում ենք, որ այդ երեխաներից շատերը պիտակավորվում են որպես վատ սովորողներ: Հավատացնում եմ, որ այդ երեխաներից շատ քչերն են դառնում ավելի լավ սովորող: Ավելին՝ ուսուցիչներից շատերը 1, 2 կամ 3 գնահատականի արժանի երեխաներին ավտոմատ 4 են նշանակում, որպեսզի փոխադրվի»,- հայտնեց նախարարի տեղակալը՝ հավելելով, որ իրականում գնահատման համակարգն այսօր չի աշխատում, հետևաբար՝ խոսել այն մասին, որ անբավարար գնահատականի շեմը պետք է հանել, վաղուց արդեն հասունացած խոսակցություն է: