ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի իրականացրած մոնիթորինգի արդյունքներով՝ հունիսի 29-ի դրությամբ շուկայում դիտարկված 43 ապրանքատեսակների ուսումնասիրությունը պարզել է, որ փոփոխություններ են արձանագրվել 7 ապրանքների գներում՝ ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասել է կառույցի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը՝ ավելացնելով, որ դիտարկման արդյունքում արձանագրվել է 6 ապրանքատեսականու գնանկում և մեկ գնաճ:
Նախորդ տարվա համեմատ, նույն ժամանակահատվածում ուսումնասիրված լայն սպառման 33 ապրանքատեսակներից 8-ի գները մնացել են անփոփոխ, 15-ինը՝ նվազել, իսկ 9 ապրանքատեսակի գները աճել են՝ տեղեկացրել է պաշտոնյան։
«Նախորդ տարվա համեմատ՝ հիմնական գնաճը վերաբերում է հետևյալ ապրանքատեսակներին՝ դիմակներ, խնձոր, ոսպ, հնդկաձավար. գնաճը տատանվում է 2-4,5 տոկոսի սահմաններում: Ի դեպ, այսօր ունենք 90 դրամ արժողությամբ դիմակներ, ինչը ենթադրում է, որ այս ապրանքատեսականու գինը նվազում է: Նշեմ, որ հիմնական գնանկումները նկատվում են բենզինի, դիզվառելիքի, կարտոֆիլի, սոխի, ադամաթուզի, շաքարավազի և հավի ձվի պարագայում»,- ասել է Գրիգորյանը: