«Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները համատեղ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել: Այս առնչությամբ հարցին ի պատասխան՝ այսօր խորհրդարանում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է.
«Շատ անտարբեր եմ վերաբերվում դրան և որևիցե մեկնաբանություն չունեմ: Շատ հաճախ, երբ տեսնում եմ տեղի ունեցող գործողությունները՝ միանալը, հուշագրեր ստորագրելը և այլն, ինձ հիշեցնում է այն նույն շրջանը, որ 30 տարի մեր երկրի բոլոր ընդդիմություններն անցնում էին. պտտվում էին, իրար հետ վիճում, հանդիպում, լուսանկարվում և այլն:
Ցավում եմ, որ ուժեր, մարդիկ, որոնք միգուցե հնարավորություն ունեին այլ ձևով աշխատելու, այլ մարտավարություն ընդունելու, իրականությունը ճիշտ չգնահատեցին, այլ ընտրեցին վճարված իրականությունը տեսնելու և դրան հավատալով գործողություններ անելու ճանապարհը»,- նշեց Սիմոնյանը: