Ազգային ժողովը քննարկում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում, երկուսի վերաբերյալ էլ ներկայացվել են առաջարկներ, որոնք ընդունվել են:
Պետաիրավական մշտական հանձնաժողովի դիրքորոշումը ներկայացրեց Արուսյակ Ջուլհակյանը՝ նշելով, որ հանձնաժողովում նախագիծը քննարկվել է և ստացել միաձայն դրական եզրակացություն:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հիշեցրեց, որ նախագծերի կատարման հիմնական նպատակը կենսաթոշակի իրավունքի ապահովումն է ՍԴ դատավորների համար, որոնց լիազորությունները Սահմանադրության փոփոխությունների արդյունքում դադարեցվել են:
«Բնականաբար, Սահմանադրության փոփոխությունից հետո, քանի որ միաժամանակ հնարավոր չէր «Սահմանադրական դատարանի մասին» օրենքն էլ փոփոխել, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի որոշ կարգավորումներ համապատասխանեցվել են Սահմանադրությանը, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի մասին անցումային դրույթները»,- նշեց նախարարը:
Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց:
Քանի որ նախագծերի փաթեթում կա սահմանադրական օրենք, այն պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի և Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագիծն ընդունվեց 80 կողմ և մեկ դեմ ձայներով: