ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է մի խումբ անձանց կողմից «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ հաղորդում են ՔԿ տեղեկատվական բաժնից։
Քննությամբ պարզվել է, որ 2020 թ. հունիսի 21-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիչինայի փողոցում մի խումբ անձինք «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանի մարմնի տարբեր մասերին ձեռքերով, ոտքերով հարվածներ են հասցրել:
Հիշեցնենք, որ նույն օրը վարույթն իրականացնող մարմին ինքնակամ ներկայացել էին երկու անձինք՝ ծնված 1989 և 1990 թթ., և ձերբակալվել:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջիններիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: