Կիրակի Ֆրանսիայում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Սոցիալիստական կուսակցության թեկնածու Անն Հիդալգոն կպահպանի Փարիզի քաղաքապետի պաշտոնը ավագանու ընտրությունների երկրորդ փուլից հետո: Այս մասին վկայում են նախնական հաշվարկի տվյալները, որոնք ներկայացնում է TF1 հեռուստաալիքը:
Ըստ տեղեկությունների՝ Հիդալգոն հավաքել է ձայների 50,2%-ը: Երկրորդ փուլում նրա ամենամոտ մրցակիցը՝ Ռաշիդա Դաթին հանրապետական կուսակցությունից, մայրաքաղաքի էլիտար VII թաղամասի քաղաքապետը, ապահովել է ընտրողների 36%-ի աջակցությունը: Ձայների հաշվարկի վերջնական արդյունքները պարզ կլինեն ավելի ուշ:
Հայտնի է նաև, որ Ֆրանսիայի Սեն-Սյուրեն-սյուր-Լիլ քաղաքի ամենատարեց ղեկավարը՝ 98-ամյա Մարսել Բերտոմեն, կորցրել է առաջիկա վեց տարում քաղաքը ղեկավարելու հնարավորությունը, մինչդեռ նա քաղաքապետ էր ընտրվել 9 անգամ անընդմեջ: Կիրակի հրապարակված տվյալների համաձայն՝ նրան կփոխարինի նախկին տեղակալը, Բերտոմեից 26 տարի երիտասարդ Էվելին Լավոր Կարդոնը, որը հաղթել է ձայների ընդամենը երկու տոկոսի տարբերությամբ՝ 46-44 հարաբերությամբ:
Բերտոմեին այդպես էլ չհաջողվեց քաղաքապետի պաշտոնում նշել իր հարյուրամյակը: «Տարիքն այժմ ոչինչ չի որոշում. 20 տարեկանում հնարավոր է հիմար լինել, 98-ում՝ գիտակից»,- մեկնաբանել է Բերտոմեն իր առաջադրումը:
Հավրում էլ հաղթել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը: Կառավարության ղեկավարը դեռևս հրապարակավ չի բարձրաձայնել առաջիկա ծրագրերի մասին: Նախկինում նա խոստովանել է, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում կարող է հեռանալ վարչապետի պաշտոնից, բայց այդ որոշումը թողել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայեցողությանը: Միևնույն ժամանակ, Ֆիլիպը հասկացրել է, որ պատրաստ է շարունակել ղեկավարել կառավարությունը՝ Հավրում քարոզչական խոստումների իրականացումը թողնելով իր թիմին: