ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել մարզի Քաղսի համայնքի տարածքում գործող՝ «Հ.Ա.Շ. բեստ» ՍՊ ընկերությանը պատկանող ԱԳԼՃԿ-ում։
Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա վերոնշյալ ԱԳԼՃԿ-ում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերվել է, որ ընկերության կողմից խախտվել են ստուգաթերթերով նախատեսված հետևյալ կետերը։
Մասնավորապես՝ արտաքին հրդեհաշիջումն ապահովված չի եղել տարողություններից 40 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա գտնվող ոչ պակաս 2 հրշեջ հիդրանտների կամ ոչ պակաս 100 խոր. մ տարողությամբ հակահրդեհային ջրավազանի միջոցով (տե՛ս ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» գլուխ 16, կետ 314)։
Գազալցակայանի տարածքում տեղակայված շինությունները սարքավորված չեն եղել հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով:
Նշված խախտումների վերաբերյալ ՏՄ կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ, և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման վերաբերյալ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։ ԱԳԼՃԿ-ի տնօրենին թերությունները վերացնելու համար տրվել է հրդեհային անվտանգության պահանջները կատարելու վերաբերյալ կարգադրագիր՝ կատարման հստակ ժամկետներով։
Տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարվել են նաև իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրամադրվել է խորհրդատվություն՝ հրդեհի դեպքում անձնակազմի և պատասխանատուների գործողությունների, հրդեհի ժամանակ մարդկանց անվտանգության ապահովման, տարհանման կարգի վերաբերյալ։