Հունիսի 26-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում նույն դեպքի վերաբերյալ, րոպեների տարբերությամբ, երկու ահազանգ է ստացվել: Քաղաքացիներից մեկը 1-02 էր զանգել, որ Մարգարյան բժշկական կենտրոնի հարակից այգում մի տղամարդու են ծեծում, մյուսն ահազանգել էր, որ նույն հիվանդանոցի մոտակայքում ծեծել են եղբորն ու նրան իրենց մոտ են պահում:
Օպերատիվ խումբն անհապաղ մեկնել է նշված հասցե: Քրեական հետախույզները ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողների հետ բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկել: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում Բուզանդի փողոցի մի շինությունից, անձին ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով, իրավապահները չորս տղամարդու են բերման ենթարկել, որոնցից երեքը` Երևանի, մեկը Զովունի գյուղի բնակիչներ: Ոստիկանության Կենտրոնական բաժին է հրավիրվել նաև տուժողը:
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների` հիշյալ անձինք նույն օրը, ժամը 1-ի սահմաններում, հանդիպել են տուժողի հետ, գումարային հարցերի շուրջ վիճել, նրան տեղափոխել են Բուզանդի փողոցի նշված շինությունը, սպառնացել դանակով, կամքին հակառակ տևական ժամանակ պահել այնտեղ, հարվածներ են հասցրել ու պահանջել վճարել իրենց գումարները:
Բերման ենթարկվածներից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: