Ելնելով երկրում տիրող համավարակի պայմաններից՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն անցել է աշխատանքային նոր պայմանների։ Ապրիլ-մայիս ամիսներին թատրոնի ներկայացումները հեռարձակվեցին ֆեյսբուքյան էջով, «Դասարան+Դասական» կրթական ծրագրի հերթական փուլը կազմակերպվեց առցանց տարբերակով։ Ամռան ամիսներին ևս թատրոնը ակտիվ կլինի և կներկայանա նոր յուրատիպ ծրագրերով՝ կրկին վիրտուալ հարթակում։
Կորոնավիրուսային համավարակի տարածումը Հայաստանում ստիպեց թատրոններին վերափոխել ծրագրերը։ Ապրիլ-մայիս ամիսներին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր բեմադրությունների ցուցադրումը կազմակերպեց առցանց տարբերակով։ Յուրաքանչյուր երկուշաբթի ֆեյսբուքյան էջում տեղադրվող ներկայացումները թե´ ներկա խաղացանկից էին, թե´ արխիվից։ Ներկայացումներն ունեցան ավելի քան 280.000 դիտում։
Առցանց տարբերակով ներկայացվեց նաև «Դասարան+Դասական» կրթական ծրագիրը, որի առաջին փուլը տեղի էր ունեցել 2019-ի աշնանը և մեծ արձագանք էր ունեցել։ Այժմ ծրագրի ձևաչափը հարմարեցվեց վիրտուալ հարթակի սկզբունքներին՝ նախատեսելով լսարանի և տարիքային առավել մեծ ընդգրկում։ 4 ենթաբաժնից բաղկացած ծրագիրը հանրությանը ներկայացվեց մարտի 27-ից մայիսի 22-ը։ «Թատերագիտակ» բաժինը հակիրճ և ամփոփ տարբերակով անդրադարձավ թատրոնի պատմությանը՝ անտիկ ժամանակներից հասնելով մեր օրեր, ընդգրկելով նաև հայ թատրոնի պատմության էջերից։
«Զրույց հայտնիների հետ» շարքի ընթացքում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հանդիպումներ էր ունենում արդի հայ թատերարվեստի հայտնի ներկայացուցիչների հետ և քննարկում երիտասարդներին հուզող արդիական հարցեր։«Ներկայացում առցանցում» բաժնում անդրադարձ էր կատարվում երևանյան տարբեր թատրոնների բեմադրությունների։ «Հետնաբեմ» շարքը բացահայտում էր թատրոն աշխարհի գաղտնիքները՝ ներկայացնելով թատերական էթիկայի կանոնները, բեմի և դահլիճի կառուցվածքը, լուսային և ձայնային համակարգերը, բեմանկարչության, բեմազգեստի, բեմական կերպարի ստեղծումը։ Ծրագրի 32 հաղորդումներն ունեցել են 300.000 դիտում, շուրջ 13.000 հավանում, մեկնաբանություն և կիսում։
Հուլիս-օգոստոս ամիսներին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կշարունակի ստեղծագործական ակտիվ ընթացքը՝ առցանց հարթակում հասանելի նոր ծրագրերով։ Այսպես, թատրոնի 100-ամյակին ընդառաջ իրականացվող «Հուշերի քառուղիներ» ծրագիրը կներկայացնի Մայր թատրոնի պատմության էջերում իրենց անունը գրած ստեղծագործողների։ Ստեղծագործական կարճ կենսագրական-պատումներից բացի թատրոնի ներկայիս դերասանները կընթերցեն հատվածներ տվյալ արվեստագետի նամակներից, հուշերից, հոդվածներից։ Շարքը ոչ միայն կներկայացնի արվեստագետի գործունեությունը, այլ նաև կբացահայտի նրա աշխարհայացքը, մտածողության շերտերը, մարդկային նկարագիրը։
Ամռանը թատրոնը կներկայանա նաև համագործակցային յուրատիպ ծրագրով՝ աշխատելով հայաստանյան թանգարանների հետ։ «Թատերական ընթերցումներ» շարքի շրջանակներում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանները կընթերցեն նամակներ, պատմվածքներ, բանաստեղծություններ, հուշեր, հետաքրքրաշարժ պատմություններ և այլ ուշագրավ նյութեր, որոնք կընտրեն և կտրամադրեն թանգարանները։ Ընթերցումները հասանելի կլինեն թե´ թատրոնի, թե´ թանգարանների ֆեյսբուքյան էջերում։ Արդեն իսկ համաձայնություն է ստացվել մի շարք թանգարանների՝ Հայաստանի ազգային պատկերասրահ, Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան, Երևանի պատմության թանգարան, Հովհ. Թումանյանի թանգարան, Ավ. Իսահակյանի տուն-թանգարան, Ե. Չարենցի տուն-թանգարան, Մ․ Սարյանի տուն-թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Պ. Սևակի տուն-թանգարան, Պ. Պռոշյանի տուն-թանգարան: