ԱՄՆ հետախուզական ծառայությունները խոստովանել են, որ Թալիբանի զինյալների հետ Ռուսաստանի ենթադրյալ գաղտնի համագործակցության մասին տեղեկությունները հավաստի չեն: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է իր թվիթերյան էջում:
Հունիսի 26-ին The New York Times-ը, վկայակոչելով ԱՄՆ հետախուզական գործակալություններին, հաղորդել է, որ Ռուսաստանի ռազմական հետախուզությունը գաղտնի գործարք է առաջարկել թալիբներին, որով ռուսական կողմը պատրաստ է վճարել Աֆղանստանում սպանված յուրաքանչյուր ամերիկացի զինվորի համար: Այսպիսով, Մոսկվան, իբր, ցանկացել է խափանել Թալիբանի հետ ԱՄՆ-ի խաղաղության բանակցությունները, ասվում է հրապարակման մեջ: Ռուսաստանում մեղադրանքներն անվանել են անհիմն: Թալիբները նույնպես կտրականապես հերքել են Մոսկվայի հետ նման գործարքի կնքումը:
Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ նման հայտարարություն կարող էին անել առաջիկա նախագահական ընտրություններում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենի կողմնակիցները: Նախկին փոխնախագահը կոչ է արել Ռուսաստանին չհրավիրել G7-ի գագաթնաժողովին, եթե պարզվի, որ New York Times-ի տեղեկությունները Թալիբանի հետ այդ երկրի համագործակցության մասին ճիշտ են: