Չինաստանը հրապարակել է իր պատասխանը ԱՄՆ պատժամիջոցներին՝ կապված Հոնկոնգում անվտանգության նոր օրենսդրության հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանին:
Պեկինը որոշել է վիզային սահմանափակումներ կիրառել ԱՄՆ ներկայացուցիչների համար, որոնք մասնակցել են Հոնկոնգի հարցով «անցանկալի գործողություններին»: Միաժամանակ չի բացահայտել պատժամիջոցների ցուցակում հայտնված անձանց ինքնությունը:
Դիվանագետի խոսքով՝ Չինաստանի իշխանությունները չեն հանդուրժի այլ պետությունների միջամտությունը ՉԺՀ-ի ներքաղաքական հարցերին և հաստատ կհետևեն «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքին:
Հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը Չինաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանում՝ կապված Հոնկոնգի ինքնավարության դեմ Պեկինի ոտնձգության հետ:
Օրենքի միջոցով Չինաստանը կկարողանա ուժեղացնել վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ: Այն նախատեսում է արգելել անջատողական գործունեությունը և պահանջում է, որ ՉԺՀ-ի կենտրոնական կառավարությանը պարբերաբար զեկույց ներկայացվի: