«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի տեսանյութում անդրադարձավ հարցին, որ որոշ հեռուստաընկերություններում, կայքերում ու սոցցանցերում հայհոյում են խմբակցության պատգամավորներին, անվանարկում, փորձում վարկաբեկել:
«Հայաստանում նախկին իշխանությունները տիրապետում են մեդիառեսուրսի և սոցիալական ցանցերում եղած ռեսուրսների մոտավորապես 70 տոկոսին: Նրանց ձեռքում այս ռեսուրսը դարձել է մեծ թնդանոթ, որն ուղղվում է իրենց ընդդիմախոսներին կամ բոլոր նրանց, ովքեր չեն համաձայնում նրանց հետ, ովքեր չեն համաձայնում՝ ջուր լցնել իրենց ջրաղացներին: Խոսքը ՍԴ-ում վիճարկելու այն փաթեթների մասին է, որոնք խորհրդարանում ընդունվել են»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ խմբակցությունը դիմելու է ՍԴ, բայց քանի որ հարցը քաղաքականացվել է Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Քոչարյանի գործով, ապա իրենք կդիմեն գործի քննությունից հետո, որովհետև նաև ժամկետների առումով որևէ խնդիր չկար:
Մարուքյանի խոսքով՝ նախկին իշխանություններին պետք էր, որ ՍԴ դիմեին հենց այդ օրերին, և դրա համար է սկսվել ամբողջ շանտաժի, վիրավորանքի արշավն ընդդեմ «Լուսավոր Հայաստանի»:
«Մեզ թիրախավորել են մի բանի համար, որ մենք Հայաստանում այսօր զբաղեցնում ենք ընդդիմադիր բևեռը: Ընդդիմադիր դաշտն ուզում են վարկաբեկել, ուզում են այդ բևեռը հանել շարքից: Ինչո՞ւ. որովհետև մինչև իրենք չզբաղեցնեն ընդդիմադիր բևեռը, չեն կարող փորձել լինել իշխանության այլընտրանք, և վերադառնալ իշխանության, որ թալանեն ձեր մանկապարտեզները, թալանեն ճանապարհաշինության գումարները, թալանեն բանակը և թալանեն մեր ընտանիքները, էն, ինչ որ երկար տարիներ տեղի էր ունենում ՀՀ-ում»,- նշեց խմբակցության ղեկավարը՝ հավելելով՝ ամեն ինչ անելու են, որ նախկին իշխանությունը ոչ մի շանս ու հնարավորություն չունենա որևէ լեգիտիմ իրավիճակում վերադառնալու իշխանության, և ամեն բան անելու են, որ այսօրվա գործող իշխանությունն էլ իր հակակշիռների և փոխզսպումների սահմաններում լինի իր ժամկետով և փոփոխվելու հնարավորություն լինի, իսկ իրենք ձգտում են իշխանության, բայզ ուզում են իրենց հանել այդ շարքից: