ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նարինե Սարգսյանցը պարետատան նիստից հետո ճեպազրույցում անդրադարձավ նոր կորոնավիրուսի կլինիկական ընթացքին:
Նրա խոսքով՝ վիրուսը ներթափանցում է հիմնականում շնչուղիներով, որոնք էլ հիմնական թիրախն են:
«Վիրուսը կպչում է հատուկ ընկալիչներին, որոնք առկա են մեր շնչուղիների մակերեսին: Որոշ դեպքերում նաև կարող են ախտահարվել ստորին շնչուղիները, կարող է զարգանալ թոքաբորբ: Այն անձանց մոտ, որ հիվանդությունը դրսևորվում է, ախտանիշներ են ունենում, 40 տոկոսի դեպքում վարակն ընթանում է թեթև, 40 տոկոսի դեպքում ընթանում է թոքաբորբով: Մնացած 20 տոկոսից 15-ը ծանր թոքաբորբերն են, իսկ 5-ը ծայրահեղ ծանր ընթացքն է»,- ասաց բժշկուհին:
Նարինե Սարգսյանցը հայտնեց, որ վիրուսը կարող է խաթարել տարբեր օրգանների արյան մատակարարումը: Բժշկուհին խորհուրդ տվեց չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ լսել բժիշկներին: