«Այս պահի դրությամբ մեր կոչը մեկն է՝ պահպանել հակահամաճարակային կանոնները, և հակահամաճարակային կանոնների պահպանումը Կառավարության միակ պաշտոնական կոչն է»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ հակասություն չկա՞ արդյոք, երբ հանգստյան օրերին առողջապահության նախարարը պաշտոնապես կոչ արեց զերծ մնալ ռեստորաններ և սրճարաններ հաճախելուց, բայց մյուս կողմից սրճարաններն ու ռեստորանները չեն փակվում:
Փաշինյանի խոսքով՝ առողջապահության համակարգի աշխատակիցներն արդեն ամիսներ շարունակ աշխատում են գերմարդկային ծանրաբեռնվածության ներքո: «Այսօր համաճարակային իրավիճակի հետ կապված՝ առողջապահական համակարգի նկատմամբ մեղադրանքներ շատ են հնչում, բայց ես ուզում եմ ասել, որ համաճարակի տարածման դեմ առողջապահության նախարարությունը չէ, որ պայքարում է կամ պետք է պայքարի: Առողջապահության նախարարությունը, առողջապահական համակարգը պայքարում է համաճարակի տարածման հետևանքների դեմ, երբ հիվանդներ են հայտնվում, որոնք բուժօգնության կարիք ունեն: Եվ ինչքան շատ է այդ հիվանդների թիվը, այքնան ավելի ծանրանում է առողջապահական համակարգի գործը»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Կառավարության կոչն է՝ պահպանել հակահամաճարակային կանոնները և չանել այնպիսի գործողություններ, որոնք հակասում են դրանց պահպանմանը: