«Շատ մեծ հպարտություն եմ ապրում, որ կարողացա այս մեծ առաքելությամբ ժամանել Հայաստան և սատարել մեր հայ գործընկերներին: Ես անընդմեջ մտածում եմ իմ տատիկի և պապիկի մասին, որոնք փախել են Հայաստանից 100 տարի առաջ: Պատիվ եմ ունեցել հանդիպել հայ կոլեգաներին, որոնք շատ կոմպետենտ են, և որոնք աշխատում են օրնիբուն, սակայն ուժասպառ են այս պահին»,- հայտարարեց Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Լորան Փափազյանը, որը ղեկավարում է Մարսելից հատուկ չվերթով Երևան ժամանած մասնագետների երկրորդ խումբը:
Փափազյանը կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները, որոնք շատ պարզ են և կիրառվում են ամբողջ աշխարհում: Դրանք են դիմակ կրելը, ձեռքերի ախտահանումը, ֆիզիկական հեռավորություն պահպանելը: Բժշկի խոսքով՝ ոչ միայն այդ համատեքստում, այլև ընդհանրապես պատրաստ է սիրով համագործակցել Հայաստանի գործընկերների հետ ու կիսվել փորձով: