Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը փոխնախագահ Նորայր Քալանթարյանի հետ կիրակի շրջայց է կատարել Նոր Նորքի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում, հանդիպել դպրոցի տնօրեն Սուրեն Պողոսյանի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Հայրապետյանը:
«Նպատակ ունենք 220 աշակերտ ունեցող դպրոցի պայմանները դարձնել ավելի շախմատային ու առավել բարեկարգ: Իրավամբ, դպրոցի տարածքը բավականին փոքր է, քիչ են դասասենյակները, և, հետևաբար, հնարավորություններն էլ սահմանափակ են:
Քննարկեցինք դպրոցին կից շինության միացման արդյունքում տարածքի ընդլայնման հնարավորությունը, որի շնորհիվ դպրոցը հասանելի կլինի ավելի մեծ թվով աշակերտների համար: Խոսեցինք նաև դպրոցի տարածքի բարեկարգման, խնամված կանաչ գոտի ունենալու հարցերի շուրջ: Հետագայում հետևողական աշխատանքով կփորձենք բարձրացված խնդիրներին լուծումներ գտնել ու շախմատային դպրոցների պայմաններն ու միջավայրը դարձնել ավելի մրցունակ»,- նշել է նա:
Մ.Հայրապետյանի 2-րդ շրջայցը Նուբարաշենի շախմատի մարզադպրոց էր: Փոքր տարածք զբաղեցնող դպրոցն այս պահին լուրջ մարտահրավերի առջև է կանգնած, քանի որ գործում է Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցին կից, որտեղ էլ այժմ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում:
«Մարզադպրոցի 140 աշակերտներին համավարակից հետո նորից մեկ հարկի տակ հավաքելու համար կա՛մ պետք է վերանորոգել հարևանությամբ գտնվող շինությունն ու շախմատային շունչ հաղորդել, կա՛մ գտնել նոր տարածք և ֆինանսավորում: Խնդիրը, բնականաբար, կարևոր է, և հետագա հանդիպումների ընթացքում կփորձենք արդյունավետ լուծումներ գտնել»,- գրել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը: