Գիտակցված «լոքդաուն» ասելով՝ յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն որոշակի սահմանափակումների մեջ դնի՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո: Նրա խոսքով՝ անարդյունավետ կարանտինը ավելի մեծ խնդիրներ է ստեղծում, քան ընդհանրապես կարանտին չպահպանելը: Ըստ վարչապետի՝ եթե կենտրոնական փողոցներում խիստ սահմանափակումներ մտցվեն, բայց մարդիկ շենքերում շարունակեն ազատ հաղորդակցվել միմյանց հետ, արդյունք չի լինի: «Ամեն հարկում ոստիկան չենք կարող կանգնեցնել»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ միակ արդյունավետ հակահամաճարակային գործողությունը մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքն է, որով մեզնից յուրաքանչյուրը ինքն իր համար սահմանում է սահմանափակումներ և պահում է դրանք:
«Համատարած լոքդաունի մտադիր ենք գնալ միայն ծայրահեղ դեպքում, այն պայմաններում, եթե համոզված լինենք, որ հարյուր տոկոսով մենք ունենք մեխանիզմները, պատկերացնում ենք, գիտենք, թե մինչև ամենավերջին գյուղի ամենահեռավոր փողոցը ինչպես ենք դա պահելու: Եթե պարզվի, որ այդպիսի երաշխիք չկա, լոքդաունը կարող է բերել ավելի շատ պրոբլեմներ, բայց այսօր մշակում ենք համընդհանուր լոքդաունի պլան և պետք է ամեն ինչ անենք, որ պատրաստ լիենենք ըստ անհրաժեշտության գնալ նման քայլի: Մենք գիտենք, որ կա ավելի հեշտ և ավելի արդյունավետ լուծում. դա մեզնից յուրաքանչյուրի կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումն է»,- ասաց վարչապետը: