ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքննությունների բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և կատարել առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիքների նախապես չխոստացված պարտակում:
Քրեական գործով պարզվել է, որ Արմեն Ամիրաղյանը 2020 թ. մարտի 24-ին որպես փորձագետ մասնակցել է Վանաձոր քաղաքում նույն օրը տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործության դեպքի` հրազենի գործադրմամբ երկու և ավելի անձանց սպանության փորձի առթիվ նախապատրաստվող նյութերով քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը:
Զննության ավարտից հետո դեպքի մասնակից Ա.Պ.-ի հայրը, որը մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Ա. Ամիրաղյանի հետ, վերջինիս տեղեկացրել է, որ կատարված հանցագործության ժամանակ կրակվել են նաև իր որդուն պատկանող որսորդական հրազեններից` միաժամանակ խնդրելով դրանց վրա կատարել ներգործություն, որպեսզի բացառվի դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների՝ նշված զենքերից կրակված լինելու հանգամանքի բացահայտումը: Իր մտերիմի խնդրանքը չմերժելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` Ա. Ամիրաղյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և օրենքով սահմանված քրեադատավարական գործողություններ կատարելու փոխարեն խարտոցով ձևափոխել է հանցագործության գործիք հանդիսացած հրազենների զարկանները՝ այդպիսով կատարելով առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիքների նախապես չխոստացված պարտակում, որի հետևանքով նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի համար առաջացել են խոչընդոտներ՝ վտանգվել է գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության օրենսդրական պահանջի ապահովման հնարավորությունը:
Արմեն Ամիրաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 334-րդ հոդվածների 1-ին մասերով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: