Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը հայտարարություն է տարածել անշարժ գույքի հարկի մասով Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ:
«2020 թվականի հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ կարգով ընդունել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով էապես բարձրացվել են անշարժ գույքի հարկի հաշվարկային չափերը:
Համաձայն լինելով, որ անշարժ գույքի հարկի գծով հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը հիմնավորապես վերանայելու կարիք կա, միաժամանակ նպատակ չունենալով անդրադառնալու օրենքի ակնհայտ թերություններին, այդուհանդերձ, վերոնշյալ օրենքի ընդունման կապակցությամբ հայտարարում ենք.
-
Անընդունելի է, երբ անխտիր բոլոր հարկատուների հարկային բեռը կտրուկ ավելացնող օրենքն ընդունվում է արտակարգ դրության իրավիճակում: Պետություն-հարկատու կամ պետություն-հասարակություն հարաբերություններում անհրաժեշտ է խստորեն պահպանել հավասար հնարավորությունների սկզբունքը: Նման փոփոխություններին անհրաժեշտաբար պետք է նախորդեին լայն հասարակական քննարկումները: Մինչդեռ, ներկայումս, օբյեկտիվ պատճառներով քաղաքացիների սահմանադրական մի շարք հիմնարար իրավունքների սահմանափակման պայմաններում, վերջիններս զրկված են փոփոխությունների նկատմամբ իրենց վերաբերմունքն ազատորեն արտահայտելու հնարավորությունից:
-
Պետության գործելաոճը, իրականացվող քաղաքականությունը պետք է կանխատեսելի լինի հասարակության համար: Ուստի պետք է բացառել հարկային բեռը բազմապատիկ ավելացնող կամ իրավահարաբերությունները կտրուկ փոխող ցանկացած նախաձեռնություն: Հարկային հարաբերություններում անհրաժեշտ է հետևողականորեն պահպանել հարկային ռեժիմի անփոփոխելիության եռամյա պարբերաշրջանի կանոնը:
-
Դատելով օրենքի ընդունման առնչությամբ իշխանության ներկայացուցիչների մեկնաբանություններից՝ Կառավարությունը հետապնդել է գլխավորապես ֆիսկալ` բյուջետային եկամուտները ավելացնելու նպատակ: Այնինչ, անշարժ գույքի հարկատեսակը համակարգային բազմաբնույթ ազդեցություններ կարող է գործել սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, առավելևս համավարակի ներկա և դրան հաջորդող տարիների ընթացքում բերած անխուսափելի բացասական հետևանքների պայմաններում: Անշարժ գույքի հարկի փոփոխությունները պետք է կատարել համալիր փաթեթով բարեփոխումների համատեքստում` ներառելով, մասնավորապես, եկամուտների և գույքի համընդհանուր հայտարարագրման համակարգի, ժառանգության և հարստության հարկերի ներդնումը, կապիտալի շուկայի կարգավորումը և այլն:
Այսպիսով, նկատի ունենալով սոցիալական շերտերի ընդգրկվածության առումով անշարժ գույքի հարկի յուրահատկությունը, հարցի կարևորությունն ու հրատապությունը, առաջարկում ենք ՀՀ կառավարությանը՝ վերանայել իր մոտեցումներն այս հարցում, նախաձեռնել օրենսդրական փոփոխությունների չեղարկումը և կոնցեպտուալ հիմքի վրա խնդրին անդրադառնալ արտակարգ դրության ռեժիմն ավարտվելուց հետո»,- ասված է ՀԱԿ հայտարարության մեջ: