Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Սիրելի՛ կոտայքցիներ, հայրենակիցներ,
ցանկանում եմ ոգևորող ու անսահման մոտիվացիա հաղորդող լուրերով կիսվել բոլորիդ հետ:
ՀՀ կառավարությունն ամբողջովին հաստատել է Կոտայքից ներկայացված շուրջ 105 սուբվենցիոն ծրագրերից 104-ը (միայն մեկ ծրագրի նախագծային փաթեթները չհաջողվեց ժամանակին ներկայացնել` նախագծող ընկերության անբարեխիղճ մոտեցման հետևանով, ինչի արդյունքում վերջինիս նկատմամբ դատական գործընթացներ են մեկնարկել):
Ըստ այդմ` Կոտայքում 2020 թ. պետական բյուջեի համաֆինանսավորմամբ իրականացվելու են 104 սուբվենցիոն ծրագրեր` 6.7մլրդ ՀՀԴ ընդհանուր բյուջեով:
6.7 միլիարդից` 3.6 մլրդ ՀՀԴ-ն համայնքների համաֆինանսավորման չափն է, մոտ 3 միլիարդը` պետական ֆինանսավորման մասը, իսկ 84,5 մլն ՀՀԴ-ն` առանձին ներդրողների և մասնավորների համաֆինանսավորումն է:
Եվ հատկանշականն այս ամենում այն է, որ 2019 թ. Կոտայքում իրականացված 52 սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ 2020 թվականին եկան հաջորդելու ուղիղ ԿՐԿՆԱՊԱՏԻԿԸ` 104 հաստատված ծրագրեր:
Եվ է՛լ ավելի խոսուն է ֆինանսական բաղադրիչը.
2019 թ. Կոտայքում իրականացված ու դեռևս շարունակվող 52 ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 2.48 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2020 թ. 104 ծրագրերի համընդհանուր նախահաշվային բյուջեն ավելի քան ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻՆ է` շուրջ 6.7 միլիարդ ՀՀ դրամ»: